Թանգարան /

Ստորաբաժանումներ

Ինստիտուտի պատմության թանգարանը բացվել է ինստիտուտի նախկին ռեկտոր Հ. Գ. Թոփալյանի նախաձեռնությամբ` 1985թ. հոկտեմբերին, երբ ինստիտուտը նշում էր իր 40-ամյակը: Թանգարանի ֆոնդի ձևավորման համար մեծ եռանդ է ներդրել թանգարանի նախկին վարիչ Մարատ Մխիթարյանը: Ներկայումս թանգարանի վարիչն է Ա.Գրիգորյանը:

Թանգարանի թեմատիկ էքսպոզիցիոն պլանը կազմել է պրոֆեսոր Է.Ե.Սահակյանը: Թանգարանում ներկայացված են չորս թեմատիկ էքսպոզիցիաներ` ինստիտուտի նախապատմությունը, պատմությունը, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները և զոհված ուսանող-ազատամարտիկները:

Առաջին էքսպոզիցիան պատմում է հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի կադրերի պատրաստման մասին` մինչև ֆիզկուլտուրայի ինստիտուտի կազմավորումը /1920-1945թթ./: Ցուցադրատախտակների վրա ներկայացված են լուսանկարներ, նյութեր, գրականություն և այլն:

Երկրորդ էքսպոզիցիան նվիրված է 1945 թ. մինչև արդի ժամանակաշրջանը: Բազմաթիվ լուսանկարներով, փաստաթղթերով, բազմազան առարկաներով և նյութերով ներկայացված է առաջատար դասախոսների, աշխատողների, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչների գործունեությունը, արտացոլված են ուսումնական, գիտահետազոտական, մարզական, հասարակական, քաղաքական մեծածավալ աշխատանքներ, ինստիտուտի միջազգային մարզական կապերը, նյութատեխնիկական բազան և այլն:

Թանգարանում ցուցադրվում են այն հուշանվերները, որոնք ինստիտուտին են նվիրել տարբեր պատվիրակություններ, հայտնի մարզիկ-շրջանավարտներ, վետերաններ, արտասահմանյան հյուրեր:

Թանգարանի երրորդ էքսպոզիցիան վերաբերվում է ինստիտուտն ավարտած հայտնի մարզիկներին` օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին:

Ցուցափեղկում ցուցադրված են մարզիկների անձնական իրերը` մարզահագուստ, մեդալներ, շքանշաններ, արխիվային նյութեր, պատվոգրեր, փաստաթղթեր և այլն:

Թանգարանի չորրորդ էքսպոզիցիան ձոնված է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող-շրջանավարտներին, որոնք կամավոր ջոկատների շարքերում կռվել են Արցախի անկախության և ազատության համար մղվող պայքարում:

Թանգարանի նյութերի հավաքման գործընթացը վերահսկվում է ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ.Առաքելյանի կողմից: Թանգարանի չորրորդ էքսպոզիցիայի ամբողջ գաղափարը ռեկտորինն է. նրա հանձնարարությամբ ինստիտուտի բակում տեղադրվել է խաչքար-հուշարձան` հավերժացնելով զոհված ուսանողների հիշատակը: Ներկայումս թանգարանի նյութերի բովանդակության շարունակական նորացման աշխատանքներով զբաղվում է սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Ա.Գ.Հարությունյանը: Թանգարանի պատմությունը` որպես ուսումնական նյութ, ընդգրկված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն դասընթացի» ուսումնական ծրագրում:

Ինստիտուտի թանգարանը համագործակցում է Եվրոպական բուհական թանգարանների ասոցիացիայի հետ:

ASIPC

Արթուր Գրիգորյան

  • Ինստիտուտի պատմության թանգարանը գործում է 1985 թվականից:
  • Թանգարանում ներկայացված են երեք բաժիններ:
  • Առաջին բաժնում պատմվում է ինստիտուտի գործունեության մասին` 1945-ից մինչ օրս:
  • Բազմաթիվ լուսանկարներով, փաստաթղթերով և նյութերով պատկերված են առաջատար դասախոսների գործունեությունը, ինչպես նաև կատարված ուսումնական, գիտահետազոտական, մարզական, հասարակական մեծածավալ աշխատանքները, ինստիտուտի միջազգային մարզական կապերը և այլն:
  • Թանգարանում ցուցադրված են այն պարգևները, որոնք ինստիտուտը ստացել է միջազգային մարզական կազմակերպությունների և տարբեր պատվիրակությունների կողմից:
  • Թանգարանի երկրորդ բաժինը նվիրված է ինստիտուտի շրջանավարտ այն մարզիկներին, որոնք նվաճել են օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումները. ցուցադրված են նրանց մեդալները, շքանշանները, ստացած այլ պարգևները:
  • Թանգարանի երրորդ բաժինը վերաբերվում է ինստիտուտի ուսանող-շրջանավարտներին, որոնք կամավորական ջոկատների շարքերում հերոսաբար կռվել են Արցախի անկախության և ազատության համար մղվող պայքարում: